Նախաձեռնող խումբը մարտի 29-ին «մեծ հանրահավաք» է հրավիրել, որպեսզի Հայաստանի իշխանությունների առջեւ «պաշտպանի բռնատեղահանված արցախցիների իրավունքները»: Միջոցառմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ արցախյան քաղաքական ուժերը: Առիթ տվել է Հայաստանի կառավարությունը՝ վերանայելով բնակվարձի եւ կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագիրը:
Եթե լիազոր մարմնի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ներկայացուցչի «տրամաբանությանը» հետեւենք, ապա կստացվի, որ անցած մեկուկես տարում երկու տասնյակ հազարից ավելի արցախցի աշխատանքի է անցել, ունի եկամուտ, ուստի կառավարությունն ինչո՞ւ պիտի նրա բնակարանի վարձակալության եւ կոմունալ ծախսերը փոխհատուցի: Հայաստանում միջին աշխատավարձն այնքան է, որքան Երեւանում երկուսենյականոց բնակարանի վարձը, իսկ աշխատանք ունեցող քսան հազար արցախցիների մեծ մասն այդ ընտանիքի եկամուտն ապահովող միակ անձն է: Այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը հերիքում է միայն բնակարանի վարձավճարին:
Ճիշտ է, տիկին փոխնախարարը գիտի, որ ավելի քան յոթ հազար արցախցի ամսական մեկից մինչեւ հինգ միլիոն դրամ եկամուտ ունի, բայց նրանք հաստատ վարձու աշխատողներ չեն, այդ գումարը ստանում են որպես ձեռնարկատիրական գործունեությունից շահույթ: Հայաստանի կառավարությունը սիրում է վկայակոչել, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո տարեկան հարյուր հիսուն-երկու հարյուր միլիարդ դրամ է հատկացրել Արցախին: Ինչու է հատկացրել, ինչ հաշվարկով, ինչ «ծրագրերի տակ»՝ ոչ ոք չգիտի. ԼՂՀ-ն լուծարվել է, հաշվետու մարմին չկա: Բայց դա այլ թեմա է:
Հարյուր քսան հազար արցախցի Հայաստանում ունի փախստականի կարգավիճակ, այսինքն՝ գտնվում է ՀՀ իշխանության պաշտպանության ներքո: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է սոցիալական պաշտպանություն: Հաճախ ենք լսում, որ բռնատեղահանվածները Երեւանում «իրար գլխի հավաքվելու փոխարեն թող գնան մարզերում ապրեն»: Նախ՝ դա մարդու իրավունքն է. եթե չկա կառավարության որոշում, որ Երեւանը բռնատեղահանվածների համար փակ է, ինչպես, օրինակ, Փարիզն է փակ նույնիսկ օրինավոր ներգաղթյալների համար, ապա ոչ ոք չի կարող մարդուն պարտադրել, որ Երեւանից տեղափոխվի Խոզնավար կամ Ոսկեպար:
Երկրորդ՝ մարզերում չկա աշխատանք, եղածը ցածր վարձատրվող է: Նույնիսկ եթե բռնատեղահանվածը տեղափոխվի Վերին Շորժա, դրանից նրա սոցիալական վիճակը միայն վատթարանալու է: Կառավարությունը հաճախ է ասում, որ անցած հինգ-վեց տարիներին բյուջեն կրկնապատկվել կամ եռապատկվել է: Իսկ ի՞նչն է խանգարում, որ այդ բյուջեից տարեկան առանձին տողով հիսուն կամ վաթսուն միլիարդ դրամ հատկացվի բռնատեղահանված արցախցիների սոցիալական կարիքներին: Առանց բյուրոկրատական քաշքշուկի:
Կառավարությունը գերազանց գիտի, թե քանի արցախցի Հայաստանում բնակարան ունի, քանիսն է ամսական մեկից մինչեւ հինգ միլիոն դրամ եկամուտ ստանում, ով մշտական աշխատանք ունի, ով է «ժենգյալով հացի հույսին»: Ահա այդպես՝ հարյուր քսան հազար մարդ «ռենտգեն-ստուգում է անցնում», ինչպես ասում են՝ «հարդը եւ ցորենը» զատում են, արդյունքում ունենում իրոք աջակցության կարիք ունեցող մարդկանց հաստատուն թիվ եւ հստակ սահմանում, որ աջակցության ծրագիրը, դիցուք, երեք տարի հետո լիովին դադարելու է:
Կառավարությունը կարո՞ղ է նման հստակ որոշման գնալ: Կարող է: Ինչու չի գնում՝ հարց է: Բռնատեղահանված բնակչության ներկայացուցիչները կարո՞ղ են կառավարությանը նման եւ այլ կոնկրետ առաջարկություններ ներկայացնել: Կարող են, բայց գերադասում են հանրահավաք անցկացնել: Որովհետեւ բուն նպատակը ոչ թե մարդկանց առարկայական խնդիրներին լուծում գտնելն է, այլ ինչ-որ մեկի համար քաղաքական դիվիդենտ ապահովելը:
Ըստ երեւույթին, կառավարությունն էլ քաղաքական «նախապաշարումներ» ունի: Արդյունքում տուժում են քաղաքականության վնասներից մինչեւ կոկորդ կշտացած մարդիկ: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝ հարյուր քսան հազար մարդու մատնել «մուրացկանությա՞ն», թե՞ բացահայտել ճշմարտությունը, որ Երեւանի եւ Ստեփանակերտի էլիտաները մեծ հաշվով որեւէ հակասություն չունեն:

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։