Ալ-Ռիադում մարտի 24-ին տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։
«Խոսքը տեխնիկական բանակցությունների մասին է։ Դրանք մանրամասների խորքային քննարկում են ենթադրում, ուստի, բնականաբար, այս բանակցությունների բովանդակությունը հրապարակային չի դառնա։ Այդպիսի բան սպասել պետք չէ»,- նշել է Պեսկովը։
Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե նախատեսվում են արդյոք հայտարարություններ բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Նրա խոսքերով՝ բանակցությունների վերաբերյալ կազմված հաշվետվությունները ներկայում «վերլուծվում են»։
«Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել որոշակի պատկերացումների մասին»,- եզրափակել է Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները կայացան նախօրեին Ալ-Ռիադում եւ տեւեցին 12 ժամ։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ բանակցություններն առնչվելու են «Սեւծովյան նախաձեռնության» հնարավոր վերականգնմանը, որը վերաբերում է Սեւ ծովի ջրային տարածքում նավագնացության անվտանգության ապահովմանը։