Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղության համաձայանագրի ստորագրման մասին որոշում կկայացնեն։ Այդ մասին նա հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իրանը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին, եւ մենք հուսով ենք, որ երկու երկրների կողմից հնարավորինս շուտ վերջնական որոշում կկայացվի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Գտնում ենք, որ Հարավային Կովկասի խաղաղության եւ կայունության համար այդ համաձայնությունը շատ կարեւոր է, այդ հարցը շատ կարեւոր է նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, եւ հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն, եւ այդ համաձայնագիրը կստորագրվի»,- նշել է Իրանի արտգործնախարարը։
Անդրադառնալով խաղաղության համաձայանագրի տեքստի շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին հայտարարություններից հետո Բաքվի առաջ քաշած նոր նախապայմաններին ու սահմանային շրջաններում հայկական զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մասին հայտարարություններին՝ Արաղչին կրկին նշել է․ «Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, եւ մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն, եւ մենք ականատես կլինենք տարածաշրջանի կայունությանը, որը բխում է բոլորի շահերից»։
Հիշեցնենք՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հայաստան էր ժամանել երեկ՝ հունվարի 24-ին։ Այսօր նա արդեն առանձնին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին հաջորդել է նաեւ ընդլայնված կազմով հանդիպումը։