Այս պահին Երեւանի եւ Բաքվի միջեւ չկա ըմբռնում, թե որտեղ եւ երբ պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
«Երեւանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը եւ մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ նման պարագայում պետք է շարունակել բանակցությունները եւ գտնել փոխադարձ ընդունելի արժանապատիվ լուծումներ, որոնք երկարատեւ խաղաղություն կապահովեն։
«Այս պահին, այո՛, չկա ըմբռնում, թե որտեղ եւ երբ պետք է ստորագրվի։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվելու այդ գործընթացում եւ դնելու մեր ստորագրությունը»,- ընդգծել է Միրզոյանը։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։