Սաուդյան Արաբիայում կայացած Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունների ընթացքում քննարկվել է հացահատիկային համաձայնագրի վերականգնման հարցը, որը հայտնի է որպես «Սեւծովյան նախաձեռնություն»։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում։
Նրա խոսքերով՝ նման նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Ռուսաստանին անհրաժեշտ են «հստակ անվտանգության երաշխիքներ»։
«Հաշվի առնելով Կիեւի հետ պայմանավորվածությունների տխուր փորձը՝ երաշխիքներ կարող են լինել միայն Վաշինգտոնից [Վլադիմիր] Զելենսկուն եւ նրա թիմին ուղարկված հստակ հրահանգները՝ անել այսպես եւ ոչ այլ կերպ։ Եվ ինձ թվում է, որ ամերիկացի գործընկերները հասկացան մեր ուղերձը»,- հայտարարել է Լավրովը (մեջբերում «Интерфакс»-ի)։
Նախարարի խոսքերով՝ ամերիկյան կողմը գիտակցում է, որ «Միայն Վաշինգտոնն է ունակ հասնելու դրական արդյունքների ահաբեկչությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչություն չունեցող էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու հարցում»։
«Մեր դիրքորոշումը պարզ է՝ այս մարդուն (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն) մենք չենք կարող պարզապես հավատալ»,- հավելել է Լավրովը (մեջբերում ТАСС-ի)։
Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է «Սեւծովյան նախաձեռնության» վերականգնմանը, քանի որ ցանկանում է, որ «հացահատիկի եւ պարարտանյութերի շուկան լինի կանխատեսելի», բայց ոչ ոք չպետք է փորձի Ռուսաստանին դուրս մղել այդ գործընթացից։
«Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը» համաձայանագիր էր, որը ենթադրում էր Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում։ Այն ուժի մեջ էր մտել 2022 թվականի հուլիսից եւ գործել մինչեւ 2023 թվականի հուլիսը: Համաձայնագիրը ստորագրող կողմերն էին Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան եւ ՄԱԿ-ը։
Մեկ տարվա աշխատանքից հետո Ռուսաստանը հրաժարվեց համաձայնագիրը երկարաձգելուց։
Ռուս-ամերիկյան բանակցությունները Ալ-Ռիադում տեղի են ունեցել մարտի 24-ին եւ տեւել 12 ժամ։
Հաջորդ օրը Կրեմլը հայտարարեց, որ դրանք եղել են «տեխնիկական խորքային քննարկումներ», ուստի դրանց բովանդակությունը «հրապարակային չի դառնա»։