Մինսկում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, ում Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր 2025 թվականի հունվարին կայացած նախագահական ընտրությունների հաղթող։
Բելառուսի նոր Սահմանադրության համաձայն՝ մարտի 25-ը վերջին հնարավոր օրն էր երդմնակալության արարողությունը կազմակերպելու համար։
Լուկաշենկոն շքախմբի ուղեկցությամբ անցել է Անկախության եւ Հաղթանակի պողոտաներով, ապա ելույթ ունեցել Անկախության պալատում։ Բելառուսի առաջնորդի խոսքերով՝ «աշխարհի կեսը երազում է այն դիկտատուրայի մասին», որը գոյություն ունի այժմ Բելառուսում։
Մարտի 24-ին 10 իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարեցին, որ Լուկաշենկոյի պաշտոնավարման շարունակությունը անօրինական է, իսկ 2025 թվականի հունվարի 26-ին անցկացված ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշերին։
«Դրանք անցկացվել են մարդու իրավունքների խոր ճգնաժամի պայմաններում՝ ամբողջական վախի մթնոլորտում, որը պայմանավորված էր քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, ընդդիմության եւ այլախոհների նկատմամբ ճնշումներով»,- նշված է իրավապաշտպանների հայտարարության մեջ։
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը, մինչ երդմնակալության այսօրվա արարողությունը Լուկաշենկոն հասցրել է հաստատել նոր կառավարության կազմը եւ պաշտոնական այց կատարել Մոսկվա։
Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից։
2025 թվականի նախագահական ընտրությունները յոթերորդն էին, որտեղ նրան հայտարարել են հաղթող։
2020 թվականի ընտրությունների ընթացքում զանգվածային կեղծիքների եւ դրանց դեմ ցույցերի կոշտ ճնշման հետեւանքով բազմաթիվ երկրներ հրաժարվում են Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական նախագահ ճանաչելուց։