Սպիտակ տունը հայտարարություններ է տարածել մարտի 23-25-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների հետ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումների արդյունքների վերաբերյալ։
Երկու հաղորդագրություններն էլ նույնաբովանդակ են, որոնց մեջ նշվում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ համաձայնության է ձեռք բերվել ապահովել նավագնացության անվտանգությունը, բացառել ուժի կիրառումը եւ կանխել Սեւ ծովում առեւտրային նավերի ռազմական նպատակներով օգտագործումը։
Ռուսական կողմի հետ բանակցությունների վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը համաձայնության է եկել վերականգնել Ռուսաստանի մուտքը համաշխարհային շուկա՝ գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի արտահանման համար, նվազեցնել ծովային ապահովագրության արժեքը, ինչպես նաեւ բարելավել այդ գործարքների համար նավահանգիստներին եւ վճարային համակարգերին հասանելիությունը։
Ուկրաինական կողմի հետ բանակցություններին վերաբերող մասում էլ նշվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ռազմագերիների փոխանակմանը, պահվող քաղաքացիական անձանց ազատմանը եւ բռնի կերպով տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձին աջակցելուն:
Բացի այդ՝ երկու հաղորդագրություններում էլ նշվում է, որ Վաշինգտոնը Մոսկվայի եւ Կիեւի հետ մտադիր է մշակելու միջոցառումներ, որոնց շնորհիվ պետք է կյանքի կոչվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռք բերած համաձայնությունները՝ էներգետիկ օբյեկտների վրա հարվածները բացառելուն վերաբերող։
Ալ-Ռիադում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները առանձին հանդիպել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների հետ։
Դեռեւս բանակցություններից առաջ կողմերը շեշտել էին դրանց «տեխնիկական» բնույթը։
Ռուսաստանը եւ Ուկրաինան պաշտոնական հայտարարություններ բանակցությունների արդյունքների վերաբերյալ չեն արել։