Սեւ ծովում հրադադարը ուժի մեջ կմտնի միայն, երբ հանվեն «Ռոսսելխոզբանկ»-ի եւ ռուսական սննդամթերք ու պարարտանյութեր արտադրողների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է մարտի 24-ին Ալ-Ռիադում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունների արդյունքների վերաբերյալ Կրեմլի հայտարարության մեջ։
Հրադադարի հաստատման պայմանների թվում Մոսկվան նշել է միջազգային SWIFT բանկային համակարգին ռուսական այն բանկերի վերամիացումը, որոնք ներգրավված են սննդամթերքի արտահանման մեջ։ Ռուսաստանի վերադարձը SWIFT-ին պահանջում է Եվրամիության համաձայնությունը։
Բացի այդ՝ Կրեմլը պնդում է, որ գյուղատնտեսական տեխնիկա, սննդամթերք եւ պարարտանյութ արտադրելու համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման վրա դրված սահմանափակումները պետք է վերացվեն, ինչպես նաեւ պետք է չեղարկվեն ռուսական այն նավերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնք զբաղվում են սննդամթերքի եւ պարարտանյութերի փոխադրմամբ։
Կրեմլի հաղորդագրության մեջ կրկնվում են Սպիտակ տան մի շարք հայտարարություններ Սեւ ծովի տարածքում կրակի դադարեցման եւ էներգետիկ օբյեկտների վրա փոխադարձ հարվածների դադարեցման համար միջոցների մշակման վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Սաուդյան Արաբիայում ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սեւ ծովում հրադադարի հաստատման եւ էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների արգելքի վերաբերյալ։ Զելենսկու խոսքերով՝ հարվածների նկատմամբ մորատորիումը կարող է ուժի մեջ մտնել անմիջապես Սպիտակ տան հայտարարության հրապարակումից հետո։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Վաշինգտոնը Կիեւին առաջարկել է նոր համաձայնագիր օգտակար հանածոների վերաբերյալ։
«Սա լուրջ փաստաթուղթ է, որը կողմերը կզարգացնեն, ապա կներկայացնեն խորհրդարան՝ վավերացման համար»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ համաձայնագրում ատոմակայանների հարցը չի քննարկվում։