ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ուսումնասիրում է Կրեմլի կողմից առաջ քաշված պայմանները Սեւ ծովում կրակի դադարեցման համար։
«Մենք հիմա քննարկում ենք դրանք` բոլորը։ Դրանք հինգ կամ վեց պայմաններ են։ Մենք բոլորն էլ դիտարկում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը մարտի 25-ին (CNN-ի տվյալներով)։
Իր ելույթի ընթացքում Թրամփը, պատասխանելով Սեւ ծովում կրակի դադարեցման մասին հարցին, նշել է, որ ԱՄՆ-ը «խորքային քննարկումներ է վարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ»: Այդ մասին գրում է The Guardian-ը։
ԱՄՆ ներկայացուցիչները մարտի 23-25-ը Ալ-Ռիադում առանձին բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հետ։ Բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատերազմող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեւ ծովում հրադադարի վերաբերյալ։
Միեւնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանը Սեւ ծովում կդադարեցնի կրակը միայն այն դեպքում, եթե չեղարկվեն «Ռոսսելխոզբանկ»-ի, սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրողների եւ արտահանողների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով հայտարարւթյունները, նշել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները «արդեն սկսել են մանիպուլյացիաներ» եւ «փորձում են խեղաթյուրել պայմանավորվածությունները»։