ՌԴ նախագահի աշխատակազմը հրապարակել է «ռուսական եւ ամերիկյան կողմերի միջեւ համաձայնեցված» այն օբյեկտների ցանկը, որոնց վրա տարածվում է էներգետիկ համակարգի դեմ հարվածների ժամանակավոր մորատորիումը։
Ցանկում ներառված են՝
- նավթավերամշակման ձեռնարկություններ,
- նավթամուղեր, գազամուղեր եւ պահեստներ, ներառյալ պոմպակայանները,
- էլեկտրաէներգիա արտադրող եւ փոխանցող ենթակառուցվածքներ, ներառյալ էլեկտրակայանները, ենթակայանները, տրանսֆորմատորները եւ բաշխիչ կայանները,
- ատոմային էլեկտրակայաններ,
- հիդրոէլեկտրակայանների ամբարտակներ։
Կրեմլի հայտարարության համաձայն՝ ժամանակավոր մորատորիումը «գործում է 30 օր՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից», եւ կարող է երկարաձգվել, եթե կողմերը համաձայնության գան։
«Եթե որեւէ կողմ խախտի մորատորիումը, մյուս կողմն իրավունք կունենա իրեն ազատ համարելու դրա պահպանման պարտավորություններից»,- նշվում է Կրեմլի հայտարարության մեջ։
ԱՄՆ ներկայացուցիչները մարտի 23-25-ը Ալ-Ռիադում առանձին բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հետ։ Բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-ը հայտարարեց, որ պատերազմող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեւ ծովում հրադադարի վերաբերյալ։
Միեւնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանը Սեւ ծովում կդադարեցնի կրակը միայն այն դեպքում, եթե չեղարկվեն «Ռոսսելխոզբանկ»-ի, սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրողների եւ արտահանողների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Կրեմլը եւ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում են, որ էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների ժամանակավոր մորատորիումը ուժի մեջ է մտել մարտի 18-ից, երբ դրա մասին պայմանավորվել են Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը։
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների դադարեցման մասին համաձայնագիրը գործում է մարտի 25-ից։