Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում նախատեսված ժամկետի ընթացքում հավաքվել է նախաձեռնությունը Կառավարություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների կրկնապատիկը:
«Նաեւ հասարակակական հարցումները վկայում են այն մասին, որ ժողովուրդը հակված է, որ Հայաստանն անդամակցի Եվրոպական միությանը: Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ քննարկվել է»,- ընդգծել է զեկուցողը:
Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակ: Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է Կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն էլ ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության լրամշակված տարբերակի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին:
«Եվրաքվեի» այս նախագիծը դեռ հունվարի 9-ին հավանության էր արժանացել ՀՀ Կառավարության կողմից։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» կազմակերպած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Կառավարության հավանությունից հետո օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվել է հունվարի 24-ին:
Օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում: