ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում ցանկացած տեսակի էսկալացիա անընդունելի է։ Այդ մասին ասվում է Փաշինյանի եւ Ռուբիոյի հեռախոսազրույցի վերաբերյալ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ կողմերը՝ որպես ռազմավարական գործընկերներ, քննարկել են ընդհանուր շահերը։
«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը եւ ընդգծել կայուն խաղաղության կարեւորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն եւ բարգավաճում բերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային այն գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր է դարձել «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։