ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ՝ մարտի 26-ին, հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել անվտանգության եւ առեւտրի կարեւոր հարցերի շուրջ համագործակցությունը։ Այդ մասին ասվում է հանդիպման վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Տեքստում նշվում է, որ հանդիպման ընթացքում պետքարտուղար Ռուբիոն Թուրքիայի աջակցությունն է խնդրել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։
Բացի այդ՝ պետքարտուղարը «բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիայում եւ վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական, խաղաղ Սիրիային կերտմանը, որը չի լինի միջազգային ահաբեկչության հենակետ եւ ոչ էլ Իրանի ապակայունացնող գործողությունների ուղի»։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուբիոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող վերջին ձերբակալությունների եւ բողոքի ակցիաների վերաբերյալ։
Նշենք, որ Ֆիդանը ԱՄՆ էր ուղեւորվել մարտի 25-ին։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նա քննարկելու էր ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր եւ նախագահներ Դոնալդ Թրամփի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպման նախապատրաստությունները։