ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը դիտավորյալ ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրումը։
«Չգիտեմ… Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել [այս պատերազմը], սակայն հնարավոր է, որ ժամանակ է ձգում։ Գիտեք, ես տարիներ շարունակ այդպես եմ արել․ «Չեմ ցանկանում ստորագրել պայմանագիրը, ուզում եմ ինչ-որ կերպ խաղի մեջ մնալ, բայց գուցե ընդհանրապես չեմ ցանկանում դա անել»։ Վստահ չեմ։ Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ Ռուսաստանը կցանկանար, որ այս ամենն ավարտվեր, և կարծում եմ, որ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին նույնպես կցանկանար, որ սա ավարտվեր»,- ասել է Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ միջին հաշվով յուրաքանչյուր շաբաթ հակամարտության երկու կողմերը միասին կորցնում են շուրջ 2500 զինվորի։
«Նրանք ամերիկացիներ չեն, բայց այս տեսանկյունից դա ինձ համար նշանակություն չունի։ Տեսնում եմ ռազմաճակատից լուսանկարներ, բայց կցանկանայի դրանք չտեսնել։ Ձեռքեր, ոտքեր, գլուխներ՝ ցրված ամենուր։ …Պարզապես ուզում եմ, որ սա դադարի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ ներկայացուցիչները մարտի 23-25-ը Ալ-Ռիադում առանձին բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հետ։ Բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-ը հայտարարեց, որ պատերազմող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեւ ծովում հրադադարի վերաբերյալ։
Միեւնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանը Սեւ ծովում կդադարեցնի կրակը միայն այն դեպքում, եթե չեղարկվեն «Ռոսսելխոզբանկ»-ի, սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրողների եւ արտահանողների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Կրեմլը եւ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում են, որ էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների ժամանակավոր մորատորիումը ուժի մեջ է մտել մարտի 18-ից, երբ դրա մասին պայմանավորվել են Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը։
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների դադարեցման մասին համաձայնագիրը գործում է մարտի 25-ից։