Թուրքիայի իշխանությունները չեն տրվի ընդդիմության սադրանքներին, որը մարտի 19-ից սկսած ամեն օր բողոքի ակցիաներ է կազմակերպում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության երիտթեւի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։
«Այն ճանապարհը, որով ընթանում են նրանք, ովքեր քաոս են սերմանում փողոցներում, ոչ մի տեղ չի տանում։ Դա փակուղի է։ Մենք օրենքի սահմաններում կպատասխանենք անօրինականությանը։ Մենք կպաշտպանենք մեր ժողովրդավարությունը ցանկացած հարձակումից»,- հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով ամրապնդել «հավերժական եղբայրությունը» եւ չտարածել ատելություն, թշնամություն եւ զայրույթ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի տվյալներով՝ մարտի 19-25-ը բողոքի ակցիաների ընթացքում երկրում ձերբակալվել է ավելի քան 1,4 հազար մարդ, որոնցից շուրջ 980-ը կասկածյալի կարգավիճակում են։ Ամենազանգվածային ցույցերը տեղի են ունենում Ստամբուլում եւ Անկարայում։