Իսրայելը կշարունակի ճնշում գործադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա, քանի դեռ այն չի հասել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառվածներին ազատ արձակելուց հրաժարվելը կհանգեցնի Գազայի հատվածի մի շարք տարածքների մշտական փոխանցմանը Իսրայելի վերահսկողության ներքո։
«Ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են։ Որքան ավելի համառորեն ՀԱՄԱՍ-ը հրաժարվի մեր պատանդներին ազատելուց, այնքան ավելի ուժեղ կլինի մեր գործադրած ճնշումը։ Եվ ես ասում եմ ՀԱՄԱՍ-ին. սա ներառում է տարածքի գրավում, ինչպես նաեւ այլ միջոցներ, որոնց մասին այստեղ չեմ մանրամասնի»,- հայտարարել է Նեթանյահուն Քնեսեթում (խորհրդարանում) տեղի ունեցած լսումների ընթացքում։ Նրա ելույթը հեռարձակել է խորհրդարանական հեռուստաալիքը։
Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում՝ զանգվածային ավիահարվածներ հասցնելով պաղեստինյան շրջանին։ Նեթանյահուի գրասենյակը սա բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է բանակցությունների ընթացքում միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի առաջարկները՝ հայտարարելով, որ գործողության նպատակն է բոլոր պատանդների ազատումը։
ՀԱՄԱՍ-ն էլ Իսրայելին եւ ԱՄՆ-ին է մեղադրել ռազմական գործողությունների վերսկսման համար։