Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Այդ մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆունդամենտալ հարցը հետեւյալն է․ Հայաստանի ժողովուրդը ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում։ Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից Կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ առանց սեթեւեթանքի, ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով՝ այն ճանապարհը, որով գնում է Հայաստանը, նաեւ գերիների վերադարձի ամենաարդյունավետ ճանապարհն է։
Փաշինյանը իր խոսքում նաեւ ընդգծել է, որ ցանկանում է համոզված լինել, որ միեւնույն ժամանակ Ադրբեջանում չի սկսվի «Արեւմտյան Ադրբեջանի» շարժում։
«Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արեւմտյան Ադրբեջանի» շարժում, եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»,- ասել է ՀՀ վարչապետը։