Երեւանը Բաքվին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամի շուրջ։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները։ Իհարկե, նաեւ հրապարակային առաջարկությունները զուգորդվում են դիվանագիտական խողովակներով արվող առաջարկներով, եւ ինչ-որ աշխատանք է գնում։ Լավ ժանր չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմելը»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։