Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրվող կրակոցները, որոնք լսելի են սահմանամերձ բնակավայրերում, ուղղված չեն Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ։
«Նախօրեին հետեւել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներին, տեսանյութեր եմ դիտել: Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն: Բնականաբար դրանք այն դեպքերն են, որոնք, վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում»,- նշել է նախարարը։
Պապիկյանը նաեւ նշել է, որ նման հարցերի լուծումը պաշտպանության նախարարությունը պատկերացնում է բացառապես դիվանագիտական ճանապարհով։
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից՝ Խնածախից ու Խոզնավարից, ավելի վաղ հայտնել են, որ ադրբեջանական կողմը այս գիշեր էլ է կրակել։ Բնակիչներն ասում են՝ կրակոցները լսում են արդեն 6-րդ օրը:
Հայկական կողմը, այսպիսով, չի հերքում կրակոցների առկայությունը՝ նշելով, որ դրանք ինտենսիվ խախտումների չեն հանգեցրել։ Մինչդեռ նախորդ շաբաթ Բաքուն էր անընդհատ հայտարարություններ տարածում, թե հայկական կողմն է թիրախավորել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերը։