Ֆրանսիան Ուկրաինային կհատկացնի նոր ռազմական օգնության փաթեթ՝ երկու միլիարդ եվրոյի չափով: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը չորեքշաբթի Ելիսեյան պալատում ընդունել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն:
Փաթեթի շրջանակում Ուկրաինան կստանա հակատանկային հրթիռներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, հեռակառավարվող զինամթերք եւ զրահամեքենաներ: Բացի այդ՝ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան օգնում է Ուկրաինայում զենքի արտադրության զարգացմանը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինը: Սակայն նա ընդգծել է, որ հրադադարը ինքնաբերաբար չի նշանակում Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում: Նրա կարծիքով՝ պատժամիջոցները կարող են հանվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններին եւ հրաժարվի օկուպացված տարածքներից:
Մակրոնը շեշտել է Կիեւի եւ Մոսկվայի դիրքորոշումների անհավասարակշռությունը ներկա կարգավորման փորձերում:
«Ագրեսիայի ենթարկված երկիրը, որն արդեն արել է համապատասխան ժեստը, պատրաստ է առանց որեւէ նախապայմանի ընդունելու հրադադարը, իսկ մյուս կողմում ագրեսորն է, որը սկսում է պահանջներ ներկայացնել, որպեսզի չընդունի դա»,- այսպես է Ֆրանսիայի նախագահը բնութագրել կողմերի մոտեցումների տարբերությունը:
Մակրոնի եւ Զելենսկու հանդիպումը կայացել է Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրների գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու Փարիզում մարտի 27-ին։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նոր դաշնակցային կոալիցիայի աշխատանքը, որը ձեւավորվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններից հետո, որ ռուս-ուկրաինական հակամարտության լուծմամբ առաջին հերթին պետք է զբաղվի Եվրոպան։
Եվրոպական երկրների ներկայացուցիչները կքննարկեն Կիեւին տրամադրվող աջակցության միջոցները, հնարավորինս արագ հրադադար հաստատելու հեռանկարները եւ Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը։