Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը եւ նշել, որ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբեկովը, որը այցով գտնվում է Բուենոս Այրեսում։
Ամիրբեկովը հայտարարել է, որ համաձայնության հասնելու հարցում Հայաստանին դրդող գործոններից է այն գիտակցումը, որ «այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, եւ այն բաց թողնելը սխալ կլինի»։
«Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն դա անելու համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից եւ դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նրա խոսքերով՝ խաղաղության համաձայանագրի ստորագրումը «ոչ թե վերջն է, այլ սկիզբը», եւ որ «խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»։
Ամիրբեկովի խոսքերով, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրների միջեւ լարվածությունը պահպանվում է։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայանգրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Միեւնույն ժամանակ Բաքվից ադեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայանագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։
Վերջին օրերին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարություններ տարածել իբր սահամանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում Հայաստանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ ադրբեջանական դիրքերի գնդակոծման վերաբերյալ, որոնք Երեւանը հերքել էր։