ԱՄՆ-ը եւ Ուկրաինան բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիր կարող են ստորագրել hաջորդ շաբաթ, դրա մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox News-ին տված հարցազրույցում։
«Մենք փոխանցել ենք տնտեսական գործընկերության վերաբերյալ պատրաստի փաստաթուղթը։ Ներկայում այն ուսումնասիրում են ուկրաինացիները, եւ մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ կսկսվեն լիարժեք քննարկումներ, եւ հնարավոր է, նույնիսկ կստորագրվի»,- ասել է Բեսենթը։
Համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել փետրվարի վերջին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի ընթացքում։ Սակայն նախագահների հանդիպման ժամանակ տեղի ունեցած բանավեճից հետո փաստաթուղթը չստորագրվեց։
Հարցազրույցի ընթացքում Բեսենթը նաեւ պատասխանեց Ռուսաստանի նկատմամբ որոշ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ դրանց խստացումը կամ թուլացումը կախված կլինի ռուսական ղեկավարության հետագա գործողություններից։
«Նախագահ Թրամփը, կարծում եմ, առանց երկմտելու կխստացնի պատժամիջոցները, եթե դա նրան բանակցություններում առավելություն տա»,- հավելեց նախարարը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնում ուսումնասիրում են Սեւ ծովում կրակի դադարեցման ուժի մեջ մտնելու համար Ռուսաստանի կողմից առաջադրված պայմանները։ Թրամփը հաստատել էր, որ խոսքը հինգ կամ վեց պայմանների մասին է։
Ռուսաստանի պահանջները հրապարակվել էին նաեւ Կրեմլի կայքում, որոնց թվում էին Ռոսսելխոզբանկի նկատմամբ սահմանափակումների վերացումը եւ դրա միացումը SWIFT համակարգին, ինչը հնարավոր չէ առանց Եվրամիության համաձայնության։