Մոսկվան եւ Փհենյանը քննարկում են Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ իմ այցի ընթացքում ԿԺԴՀ, մենք քննարկեցինք այս հարցը»,- հայտարարել է Ռուդենկոն լրագրողների հետ զրույցում (մեջբերումները՝ «Интерфакс»-ի)։
«Բացի այդ՝ քննարկվում է նաեւ (ՌԴ ԱԳՆ ղեկավար) Սերգեյ Լավրովի այցը ԿԺԴՀ՝ մեր կորեացի բարեկամների հետ ռազմավարական երկխոսությունը շարունակելու նպատակով»,- հավելել է նա։
Մարտի 24-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ՌԴ այցելելու հրավերը, որը նա ստացել էր Վլադիմիր Պուտինի Փհենյան այցի ընթացքում, դեռեւս ուժի մեջ է, սակայն այցի ճշգրիտ ժամկետները դեռեւս որոշված չեն։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Կիմ Չեն Ընը կարող է մեկնել Մոսկվա 2025 թվականի մայիսին՝ Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար։ Սակայն մարտի վերջի դրությամբ ո՛չ ԿԺԴՀ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը նրա մասնակցությունը պաշտոնապես չեն հաստատել։
Կիմ Չեն Ընը Ռուսաստան այցելել է երկու անգամ՝ 2019 եւ 2023 թվականներին։ Երկու դեպքում էլ նա ուղեւորվել է Ռուսաստանի Հեռավոր Արեւելք հատուկ զրահապատ գնացքով։ ԿԺԴՀ առաջնորդը դեռեւս պաշտոնական այցով Մոսկվա չի ուղեւորվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսին՝ ԿԺԴՀ իր այցի ընթացքում, որն առաջինն էր 2000 թվականից ի վեր, հրավիրել է Կիմ Չեն Ընին այցելել Ռուսաստան։
Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան վերջին տարիներին ավելի սերտ են սկսել համագործակցել, հատկապես Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։ Համագործակցությունն ընդգրկում է նաեւ ռազմական ոլորտը։ Մասնավորապես, ԿԺԴՀ-ն Ռուսաստանի տարածք է ուղարկել իր զինվորականներին, որոնք ներգրավված են եղել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դեմ ընթացած մարտերում։