ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ընթացող ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթում։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու Ադրբեջանի պահանջներին՝ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանն արդեն բարձրագույն մակարդակներով արտահայտել է իր դիրքորոշումը, որ պատրաստ է դիտարկելու ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների դադարեցումը:
«Սակայն անհրաժեշտ է երաշխավորել, որ այս քայլը համահունչ է հակամարտության փաստացի եւ իրավական ավարտին: Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ պաշտոնական եւ ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը եւ հավելել, որ եթե Բաքուն ցանկանում է վերջ դնել այս կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական եւ լեգիտիմ կարճ ճանապարհը Համաձայնագրի ստորագրումն է:
Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանից հնչող մյուս պահանջներին՝ Աբիսողոմոնյանը նախ հիշեցրել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում էր, որ սահմանադրական ուժ կարող են ունենալ Հայաստանի անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք ուղիղ արտացոլված են Սահմանադրության հոդվածներում, մինչդեռ Հռչակագրի այն դրույթները, որոնք ուղիղ ներառված չեն երկրի մայր օրենքի հոդվածներում, չեն կարող որեւէ իրավական ուժ ունենալ։
Հաջորդիվ փոխարտգործնախարարը հակադարձել է, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է, որ տարածքային պահանջներ ունի հարեւան երկրների նկատմամբ։
«Իրականում մտահոգություն է առաջացնում հենց Ադրբեջանի Սահմանադրությունը, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Ադրբեջանի խորհրդարանի կողմից 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին։ Իսկ այդ Սահմանադրական ակտում հղում է արվում 1918 թվականին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունն ընդգրկում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը։ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, որում ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի շուրջ 60 տոկոսը ներառված էր Ադրբեջանի կազմում։ Այսպիսով՝ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Բացատրելով, թե ինչու Երեւանը չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության հարցը՝ Աբիսողոմոնյանը նշեց, որ Խաղաղության համաձայնագրում ներառված է հոդված, որի համաձայն՝ կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը՝ Համաձայնագրի կետերի չկատարումը արդարացնելու նպատակով։ Նրա խոսքերով՝ մեկ այլ հոդված էլ սահմանում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ չներկայացնել։
«Ավելին՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում»,- հավելել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Աբիսողոմոնյանը նաեւ հայտարարել է, որ չնայած Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, այնուամենայնիվ, Երեւանը բարձր մակարդակներով բազմիցս է հայտարարել, որ որ չի ձգտում այս հարցը լուծելու ռազմական ճանապարհով։ Նրա խոսքերով՝ նման դիրքորոշման պատճառը սահմանազատման ընթացիկ գործընթացն է, ինչպես նաեւ Խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստը, որոնք պարունակում են բոլոր անհրաժեշտ մեխանիզմները այս հարցի խաղաղ եւ իրավական ճանապարհով հասցեագրման համար։
«Այսպիսով՝ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ շարունակում է գործել այդ սկզբունքների համաձայն»,- հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարը։