Եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն (ԵՄ), ապա Մոսկվան ստիպված կլինի վերանայել Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների ամբողջ համալիրը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։
«Մենք, իհարկե, ուշադիր հետեւում ենք այս գործընթացներին։ Հասկանալի է, որ եթե Հայաստանը գնում է Եվրոպայի ուղղությամբ, ապա անհրաժեշտ կլինի վերանայել այս երկրի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգը։ Եվ, ցավոք, դա կանդրադառնա Հայաստանի բնակչության կենսամակարդակի վրա, ինչը, իհարկե, մենք ամենեւին չէինք ցանկանա»,- հայտարարել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ծանոթացել է ՀՀ ԱԺ-ի ընդունած օրինագծի տեքստին։ Նրա խոսքերով՝ այն պարզապես արտահայտում է ընդհանուր ցանկություններ «բոլոր լավ բաների օգտին եւ բոլոր վատ բաների դեմ» եւ պարունակում ընդհանուր ձեւակերպումներ։
«Սա Հայաստանի ներքին գործն է։ Իրականում մենք հասկանում ենք, որ թե՛ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), թե՛ Եվրամիությունը (ԵՄ) ունեն նման օրակարգեր։ Եվ այդ պատճառով, իհարկե, երկրին անհրաժեշտ կլինի որոշել իր ուղղությունը եւ կատարել այս ընտրությունը։ Քանի որ միաժամանակ երկու աթոռի վրա նստել չի ստացվի, դա միանգամայն ակնհայտ է»,- ընդգծել է Օվերչուկը։
Փոխվարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2024 թվականին հասել է 12,7 միլիարդ դոլարի՝ ավելանալով ավելի քան 50%-ով։
Հիշեցնենք՝ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին:
«Եվրաքվեի» այս նախագիծը դեռ հունվարի 9-ին հավանության էր արժանացել ՀՀ Կառավարության կողմից։ Սրան նախորդել էր «Եվրաքվեի» կազմակերպած ստորագրահավաքը, որի արդյունքում նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Կառավարության հավանությունից հետո օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվել էր հունվարի 24-ին:
Երեւանը բազմիցս է հայտարարել, որ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում: