Հյուսիսային Կորեան 2025 թվականի հունվարին եւ փետրվարին Ռուսաստանի տարածք է ուղարկել մոտ երեք հազար զինվորականի, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Միացյալ գլխավոր շտաբների գնահատականներին։
Սեուլի տվյալներով՝ Փխեյանը Ռուսաստանին նաեւ ավելի շատ հրթիռներ, հրետանի ու զինամթերք կուղարկի, իսկ դրանց հետագա կրկնապատկումը կախված կլինի ճակատում տեղի ունեցող իրադարձություններից։
Սեուլի պնդմամբ՝ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին մատակարարված զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի թվում են «զգալի թվով» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, 170 մմ ինքնագնաց հաուբիցներ եւ մոտ 220 հատ 240 մմ հրթիռային համազարկային համակարգեր։
Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները, վկայակոչելով հետախուզական աղբյուրներին, հայտնել էին, որ ԿԺԴՀ-ից Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել լրացուցիչ 3000 հյուսիսկորեացի զինվորական։
Ավելի վաղ Կիեւը, Սեուլը եւ Վաշինգտոնը հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է տեղափոխվել մինչեւ 12․ 000 զինվորական, որոնք ներգրավվել են Կուրսկի մարզում ուկրաինական բանակի դեմ մարտերին։
Հունվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան կորցրել է մոտ 4,000 զինվորի՝ սպանված եւ վիրավորված։ Այդ նույն գնահատականները ներկայացրել է Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբը։