ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 25% մաքսատուրք է սահմանում երկրից դուրս արտադրված ավտոմեքենաների եւ դրանց բաղադրիչների ներմուծման համար։ Ավտոմեքենաների վերաբերյալ որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ին, իսկ պահեստամասերինը՝ մայիսից կամ ավելի ուշ։
Տեսաուղերձում Թրամփը նաեւ նշել է, որ բիզնեսի ներկայացուցիչները (հավանաբար նաեւ ավտոարտադրողները) արդեն վերադառնում են ԱՄՆ։
Եվրամիությունից ներմուծվող ավտոմեքենաների «եւ ամեն ինչի» նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու իր մտադրության մասին Թրամփը հայտարարեց փետրվարի 26-ին։ Դրանից առաջ՝ փետրվարի 18-ին, նա արդեն խոսել էր երկրից դուրս արտադրվող ավտոմեքենաների վրա նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչի շրջանակում հիշատակվում էին նաեւ միկրոչիպերն ու դեղագործական արտադրանքը։
Մարտի սկզբին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թրամփի հայտարարած մաքսատուրքերի ֆոնին Honda ավտոկոնցեռնը Civic մոդելի (հիբրիդային տարբերակը) արտադրությունը Մեքսիկայից ԱՄՆ Ինդիանա նահանգ տեղափոխելու վերաբերյալ որոշում է ընդունել։
Միջազգային գործակալությունների տվյալներով՝ Մեքսիկան ԱՄՆ-ում վաճառվող օտարերկրյա ավտոմեքենաների գլխավոր մատակարարն է։ Նրան հաջորդում են Հարավային Կորեան, Ճապոնիան, Կանադան եւ Գերմանիան։
ԱՄՆ-ի ավտոարտադրողներն էլ գործարաններ ունեն Մեքսիկայում եւ Կանադայում։ Մասնավորապես, Ram եւ Chevrolet Silverado պիկապները, Ford Mustang-ը (ներառյալ էլեկտրական տարբերակը), Ford Bronco ամենագնացը եւ այլ ամերիկյան բրենդների մեքենաներ հավաքվում են հենց այս երկրներում։