Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ընդունել է երկրում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։
Միրզոյանը եւ Տոկաեւը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Կարեւորել են տնտեսական, առեւտրի, տրանսպորտի, նորարարությունների, կրթության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
ՀՀ ԱԳ նախարարը եւ Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։
Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է պայմանագրի ստորագրմանը, ինչին հնարավոր կլինի հասնել երկու կողմերի քաղաքական կամքի դրսեւորման պարագայում։