Եվրոպայի խոշորագույն երկրների ղեկավարները Փարիզում մարտի 27-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները թուլացնելուց հրաժարվելու մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեը հայտարարել է. «Լիովին պարզ է, որ հիմա պատժամիջոցները հանելու ժամանակը չէ»:
«Ընդհակառակը, մենք քննարկում էինք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել պատժամիջոցները՝ ԱՄՆ-ի նախաձեռնությանը սատարելու համար, որպեսզի Ռուսաստանին ստիպենք նստել բանակցությունների սեղանի շուրջը»,- ասել է նա:
Հանդիպմանը ներկա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գոհունակություն է հայտնել պատժամիջոցները չհանելու որոշման համար: Նա ավելացրել է, որ ցանկանում է «ավելի մեծ ճնշում» գործադրել Ռուսաստանի վրա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները քննարկում են Ուկրաինայում մի քանի երկրների «ապահովագրող զորքեր» տեղակայելու հնարավորությունը: Նրա խոսքերով՝ դրանք խաղաղապահ ուժեր չեն լինի եւ չեն գտնվի շփման գծում, այլ կտեղակայվեն «ռազմավարական շրջաններում»՝ Ուկրաինայի տարածքի խորքում:
Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-ը եւ Ուկրաինան հայտարարեցին, որ համաձայնություն են ձեռք բերել Սեւ ծովում հրադադար հաստատելու շուրջ: Սակայն Ռուսաստանը հայտարարեց, որ հրադադարը հնարավոր կլինի միայն գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումից եւ «Ռոսսելխոզբանկ»-ը SWIFT համակարգին վերամիացնելուց հետո: SWIFT-ը վերահսկվում է Եվրոպական միության կողմից:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն մարտի 26-ին հաստատել է, որ Ռուսաստանը պահանջել է պատժամիջոցների թուլացում ծովում կրակի դադարեցման դիմաց: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է այդ հարցը քննարկելու ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Եվրոպական միության հետ: