ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է քննարկել Ուկրաինայում ՄԱԿ-ի եւ մի շարք երկրների հովանու ներքո ժամանակավոր կառավարում ներդնելու հնարավորությունը՝ այնտեղ նախագահական ընտրություններ անցկացնելու համար: Այս հայտարարությունը նա հնչեցրել է «Արխանգելսկ» միջուկային սուզանավի նավաստիների հետ զրույցի ժամանակ:
«Սկզբունքորեն, իհարկե, կարելի էր ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, բնականաբար, մեր գործընկերների եւ ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու հնարավորությունը: Դա անհրաժեշտ է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, գործունակ եւ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն իշխանության բերելու եւ հետագայում նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Պուտինը։
Ըստ Պուտինի՝ այդ կառավարության հետ հնարավոր կլինի ստորագրել «օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհի կողմից եւ կլինեն հուսալի»:
«Բայց սա ընդամենը տարբերակներից մեկն է: Ես չեմ ասում, որ այլ տարբերակներ չկան… Բայց սա տարբերակներից մեկն է, եւ նման պրակտիկա գոյություն ունի ՄԱԿ-ի աշխատանքում»,- հավելել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաեւ հայտարարել է, որ ուկրաինական ճակատում ռուսական զորքերը վերահսկում են նախաձեռնությունը եւ ունակ են ջախջախելու Ուկրաինայի ԶՈՒ-ին։
«Մենք աստիճանաբար, ոչ այնքան արագ, որքան ոմանք կցանկանային, բայց, այնուամենայնիվ, համառորեն եւ վստահորեն շարժվում ենք դեպի այս գործողության սկզբում հայտարարված բոլոր նպատակների իրականացումը։ Մարտական շփման ամբողջ գծի երկայնքով մեր զորքերը տիրապետում են ռազմավարական նախաձեռնությանը, եւ ես վերջերս ասել էի, որ մենք նրանց կսեղմենք, բայց կան հիմքեր ենթադրելու, որ նաեւ կջախջախենք»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Փարիզում մարտի 27-ին կայացավ «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որին մասնակցում էին Ուկրաինայի եւ դաշնակից երկրների ղեկավարները: Գագաթնաժողովի մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինա արեւմտյան ռազմական զորակազմ ուղարկելու տարբերակները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները քննարկում են Ուկրաինայում «ապահովագրող զորքեր» տեղակայելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, դրանք չեն գտնվի շփման գծում, այլ կտեղակայվեն «ռազմավարական շրջաններում»՝ Ուկրաինայի տարածքի խորքում: