Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է ժամանակ շահել, իսկ ՌԴ զորքերը պատրաստվում են նոր հարձակում սկսելու Սումի, Խարկովի եւ Զապորոժիեի մարզերում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի հետախուզությունը տվյալներ ունի այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է գարնանային հարձակման: Այդ հետախուզական տվյալները ուկրաինական կողմը ներկայացրել է դաշնակիցներին:
Ըստ Զելենսկու՝ Ռուսաստանը դեռ ութ ամիս առաջ էր պատրաստվում սկսելու այդ գործողությունը, սակայն Ուկրաինայի զինված ուժերը թույլ չեն տվել դա անել շնորհիվ Կուրսկի մարզում իրականացված գործողության:
«Նրանք [ՌԴ-ն] ձգձգում են բանակցությունները եւ փորձում են ԱՄՆ-ին ներքաշել անվերջ, անիմաստ քննարկումների մեջ՝ կեղծ «պայմանների» շուրջ, որպեսզի ժամանակ շահեն, իսկ հետո փորձեն գրավել էլ ավելի շատ տարածքներ»,- ավելացրել է Ուկրաինայի ղեկավարը (մեջբերումը՝ «РБК-Украина»-ից):
Բացի այդ՝ Զելենսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններին Եվրոպան կներկայացնեն Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Այդպիսի որոշում է կայացվել Փարիզի գագաթնաժողովում:
Ուկրաինայի նախագահը նաեւ պատմել է, որ ԱՄՆ-ն անընդհատ փոխում է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները, եւ երկու երկրների ներկայացուցիչները դեռ աշխատում են գործարքի վրա:
Փարիզում մարտի 27-ին կայացավ «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որին մասնակցում էին Ուկրաինայի եւ դաշնակից երկրների ղեկավարները: Գագաթնաժողովի մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինա արեւմտյան ռազմական զորակազմ ուղարկելու տարբերակները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները քննարկում են Ուկրաինայում «ապահովագրող զորքեր» տեղակայելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, դրանք չեն գտնվի շփման գծում, այլ կտեղակայվեն «ռազմավարական շրջաններում»՝ Ուկրաինայի տարածքի խորքում: