Իրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թրամփի նամակին պաշտոնական պատասխանը նախօրեին ուղարկվել է համապատասխան ձևով՝ Օմանի միջնորդությամբ»,- նշել է նախարարը IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Արաղչիի խոսքերով՝ պատասխանը պարունակում է երկու փաստաթուղթ։ Առաջինում ներկայացված են Թեհրանի տեսակետները աշխարհում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, իսկ երկրորդում ամբողջությամբ վերլուծված և մեկնաբանված են Թրամփի նամակում պարունակված թեզերը։
Մարտի 7-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Խամենեիին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսություն չի վարելու ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում են միայն սեփական շահերը։