Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը կանգ է առել Արեւմուտքի կործանարար ազդեցության պատճառով, իսկ Հայաստանի դիրքորոշումը նույնպես հարցեր է առաջացնում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա կրկին հիշեցրել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման չափազանց կարեւոր խնդիրը լուծելու համար, համաձայն 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ստեղծվել էր մասնագիտացված եռակողմ աշխատանքային խումբ։
«Այդ խմբի շրջանակում հսկայական աշխատանք է կատարվել իրավական հիմքերն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային երթուղիների վերականգնման տեխնիկական պարամետրերը համաձայնեցնելու համար՝ հիմնված ինքնիշխանության սկզբունքների փոխադարձության վրա»,- հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ վերջին շրջանում այս ուղղությամբ իրավիճակը բարդացել է. «Մենք տեսնում ենք արեւմտյան երկրների կործանարար ազդեցությունը, եւ հայկական իշխանությունների դիրքորոշումը երբեմն հարցեր է առաջացնում։ Եվ ահա այս երկու գործոնների պատճառով խմբում համագործակցությունն ու փոխգործակցությունը կանգ են առել»։
Զախարովան վստահություն է հայտնել, որ նշված խմբում լիարժեք փոխգործակցության արագ վերսկսումը կնպաստի տարածաշրջանի տրանսպորտային-լոգիստիկ համակարգի վերականգնմանը եւ հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը։