Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ համաձայն է Եվրոպայի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հնչեցրած քննադատություններին՝ կապված «խոսքի ազատության եւ ժողովրդավարության հանդեպ հավատարմությունից» հրաժարվելու հետ:
«Ես պետք է ասեմ, որ համաձայն եմ: Ես դա ասում եմ արդեն շատ տարիներ: Եվրոպան մի փոքր կորցրել է իրեն»,- ասել է Մելոնին Financial Times-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, Թրամփի թիմի կողմից Եվրոպայի քննադատությունը ուղղված չէ հենց եվրոպացիներին, այլ «իշխող դասին» եւ այն գաղափարին, որ մարդկանց հարցերին պատասխանելու փոխարեն «նրանց պարտադրվում է գաղափարախոսություն»: Մելոնին «մանկամիտ» եւ «մակերեսային» է անվանել այլ առաջնորդների արտահայտած այն մտքերը, թե Իտալիան ստիպված կլինի ընտրություն կատարել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ։ Նա հայտարարել է, որ կանի «ամենը, ինչ անհրաժեշտ է իր երկրի շահերը պաշտպանելու համար»:
Financial Times-ը նշում է, որ Եվրամիության նկատմամբ Թրամփի քաղաքականությունը Մելոնիին դրել է «բարդ քաղաքական վիճակում»: Նա երկարամյա կապեր ունի ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ եւ եղել է միակ եվրոպացի առաջնորդը, որը ներկա է եղել Թրամփի երդմնակալությանը:
«Մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ամենակարեւոր հարաբերություններն են, որ մենք ունենք: Եթե կա մի բան, որ Իտալիան նույնպես կարող է անել՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ առճակատումից խուսափելու եւ կամուրջներ ստեղծելու համար, ես դա կանեմ, եւ դա եվրոպացիների շահերից է բխում»,- ասել է Մելոնին:
Նա հավելել է, որ եվրոպական երկրները պետք է «հանգստություն պահպանեն»՝ չարձագանքելով ԵՄ-ի դեմ Թրամփի մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ սպառնալիքներին: «Երբեմն ինձ թվում է, որ մենք պարզապես բնազդաբար ենք արձագանքում: Նման հարցերում պետք է ասել․ «Հանգստացե՛ք, տղանե՛ր: Եկե՛ք մտածենք»,- ասել է Մելոնին:
Հիշեցնենք՝ փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Ջեյ Դի Վենսը կտրուկ քննադատեց Եվրոպական միությանը ատելություն եւ ապատեղեկատվություն սերմանող քաղաքականության համար, ինչպես նաեւ կառույցին մեղադրեց «ժողովրդավարական արժեքներին դավաճանելու» համար, ինչը զայրույթ առաջացրեց եվրոպացի առաջնորդների շրջանում:
2025 թվականի փետրվարի վերջին Դոնալդ Թրամփը խոստացել է 25-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Եվրամիությունից ներկրվող ցանկացած ապրանքի ներմուծման համար։ Մարտի կեսերին էլ ԱՄՆ նախագահը սպառնացել էր 200-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ից ցանկացած ալկոհոլային խմիչքի ներմուծման համար:
Ի պատասխան՝ Եվրամիությունում քննարկում են ԱՄՆ-ի դեմ «ամենահզոր» գործիքի օգտագործման հնարավորությունը, որը ներառում է տարբեր միջոցառումների եւ սահմանափակումների փաթեթ: