Ռուսական կողմը իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնելու Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ ուկրաինական իշխանությունների կողմից 30-օրյա մարատորիումը չպահպանելու դեպքում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տրամաբանական չէր լինի, որ մենք պահպանեինք այն եւ ամեն գիշեր բախվեինք մեր էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելու փորձերին»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ ուկրաինական զինվորականները «չեն կատարում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ չհասցնելու մասով տրված հրամանները»: Նա ընդգծել է, որ «այդ հարվածների հասցման փորձերը շարունակվում են ամեն օր»:
«Նկատվում է Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների լիակատար անվերահսկելիություն: Օբյեկտիվորեն՝ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր հատվածները չեն ենթարկվում երկրի ղեկավարության հրամաններին: Շարունակվում են ՌԴ-ի էներգահամակարգի օբյեկտներին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու փորձերը: Հետեւաբար, եթե Ուկրաինան միացել է մորատորիումին եւ համապատասխան հրամաններ է տվել իր զինված ուժերին, ապա դրանք, ակնհայտորեն, չեն կատարվում»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները 30 օրով դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ առաջարկին Ալ-Ռիադում համաձայնելուց հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր Կիեւին մեղադրում է այդ պայմանավորվածությունը խախտելու համար: Մոսկվայի վարկածով՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը գործում է մարտի 18-ից: Ուկրաինական կողմն էլ պնդում է, որ պայմանվորվածությունը գործում է մարտի 25-ից, այսինքն՝ պայմանավորվածություն ձեռք բերելու օրվանից:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը պնդել է, որ մարտի 18-ից ի վեր Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին եղել է ութ հաստատված հարված:
Մարտի 28-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կուրսկի մարզում գտնվող «Սուջա» գազաչափիչ կայանի վրա, որից հետո այն «գործնականում ոչնչացվել է»: Նույն օրը Ուկրաինայի «Նաֆտոգազ»-ը հայտնել է, որ ռուսական բանակը բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերության ենթակառուցվածքներին: