Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խնդիրը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են ԹուրքԲոլոր գրառումներըիայի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, եւ որ Թուրքիան ուշադիր հետեւում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմը դադարեցնելու համար սկսված գործընթացին եւ պատրաստ է ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը պատվավոր եւ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմի հաղորդմամբ էլ Պուտինը թուրք գործընկերոջը տեղեկություններ է ներկայացրել Ռիադում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների վերջին բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Միեւնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիեւի ռեժիմի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների հարձակման անդադար սադրիչ փորձերի վրա»,- հայտնել են Կրեմլից:
Զրույցի ընթացքում Էրդողանը կարծիք է հայտնել, որ Սեւ ծովում առեւտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվող քայլերը կնպաստեն խաղաղության գործընթացին։
«Թուրքիան շարունակում է իր ներդրումն ունենալ Սեւ ծովը հակամարտության գոտու վերածելը կանխելու հրացում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Անկարան մեծ կարեւորություն է տալիս Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը:
Թուրքիայի նախագահը նաեւ նշել է Սիրիայի հյուսիսում գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» լուծարման անհրաժեշտության մասին, որոնք Անկարան կապում է Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հետ: Նա նշել է, որ Սիրիայի կայունության համար կենսական նշանակություն ունի, որ այն «այլեւս բարենպաստ տարածք չլինի ահաբեկչական կազմակերպությունների համար»:
«Սիրիայի ռեսուրսները պետք է թողնվեն սիրիական վարչակազմին»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը: