Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուն կարծում է, որ պետությունների կառավարությունները բավարար ակտիվությամբ չեն արձագանքել իր ձերբակալությանը՝ պահպանելով «խուլ լռություն»: Այդ մասին նա գրել է The New York Times թերթի համար նախատեսված սյունակում:
Քաղաքական գործիչը նշել է, որ «սոցիալ-դեմոկրատական առաջնորդները, Թուրքիայի եւ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքների քաղաքապետները՝ Ամստերդամից մինչեւ Զագրեբ, ցուցաբերել են իրենց համարձակ եւ սկզբունքային աջակցությունը»:
«Քաղաքացիական հասարակությունը նույնպես չի տատանվել: Իսկ օտարերկրյա պետությունների կենտրոնական կառավարություննե՞րը: Նրանց լռությունը խլացնող է»,- գրել է թուրք քաղաքական գործիչը: Մասնավորապես նա նշել է, որ Վաշինգտոնը միայն «մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների եւ բողոքի ակցիաների կապակցությամբ», իսկ եվրոպացի առաջնորդները, «փոքր բացառություններով», չեն կարողացել հանդես գալ վճռական դիրքորոշմամբ:
Իմամօղլուի կարծիքով նման արձագանքը բացատրվում է «դիվանագիտական հաշվարկով, որը քողարկված է ռեալիզմի քաղաքականությամբ»: Մասնավորապես նա ընդունում է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը մեծացել է Ուկրաինայում հակամարտության եւ Սիրիայում իշխանափոխության ֆոնին:
«Բայց աշխարհաքաղաքականության պատճառով մենք չպետք է անտեսենք արժեքների խարխլումը, հատկապես մարդու իրավունքների խախտումները»,- գրել է քաղաքական գործիչը: Նրա կարծիքով «Թուրքիայում ժողովրդավարության պահպանումը վճռորոշ նշանակություն ունի նրա ժողովրդի եւ աշխարհում ժողովրդավարության ապագայի համար»:
«Էրդողանի ռեժիմը խարխլել է ժողովրդավարական հակակշիռները՝ ստիպելով լռել լրատվամիջոցներին, փոխարինելով ընտրված քաղաքապետներին չինովնիկներով, երկրորդ պլան մղելով օրենսդիր մարմինը, վերահսկելով դատական համակարգը եւ շահարկելով ընտրությունները»,- ընդգծել է Ստամբուլի քաղաքապետը։
Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով: Նա եւ նրա կողմնակիցները համարում են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ 2028 թվականին սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ Իմամօղլուն, կանխատեսումների եւ գնահատականների համաձայն, հնարավորություն ունի պայքարելու բարձրագույն պաշտոնի համար: Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայում անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում ձերբակալվել է առնվազն 1800 մարդ, իսկ 260-ը՝ կալանավորվել: