Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանում գտնվող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պահեստի վրա: Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող անօդաչու սարքերի պահեստին, որը Բեյրութի Դահիա արվարձանում է եւ օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի 127-րդ ավիաստորաբաժանման կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում հավելել են, որ բանակը «հարձակումից առաջ տեղի բնակչությանը զգուշացրել է տարհանման անհրաժեշտության մասին»:
Իսրայելի բանակը նաեւ հայտարարել է, որ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը իր ահաբեկչական ենթակառուցվածքը տեղակայել է քաղաքացիական թաղամասի հենց կենտրոնում»:
«Սա «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից լիբանանյան քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու եւս մեկ օրինակ է»,- հավելել է մամուլի ծառայությունը։
Զինվորականները նշել են, որ Դահիայի վրա հարվածը եղել է Լիբանանից ուրբաթ առավոտյան Իսրայելի տարածքի գնդակոծման պատասխանը:
«Առավոտյան հնչած կրակոցները դեպի Վերին Գալիլեայի շրջան [Իսրայելի հյուսիսում] կոպտորեն խախտում են Իսրայելի եւ Լիբանանի միջեւ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները եւ ուղղակի սպառնալիք են իսրայելցի քաղաքացիների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ Լիբանանի կառավարությունը պատասխանատվություն է կրում համաձայնագրի պահպանման համար։ Դրանում նաեւ ընդգծվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակելու է գործել, որպեսզի չեզոքացնի Իսրայելի նկատմամբ ցանկացած սպառնալիք։
Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նույնպես Իսրայելի հյուսիսի գնդակոծման պատասխանատվությունը դրել էր Լիբանանի կառավարության վրա:
Ըստ բանակի մամուլի ծառայության հայտարարության՝ ընդհանուր առմամբ Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է երկու արկ: Զինվորականների տվյալներով՝ այդ գնդակոծման հետեւանքով օդային տագնապի սիրենները հնչել են երկրի հյուսիսում գտնվող Կիրիաթ-Շմոնա, Մարգալիոթ, Միսգավ-Ամ եւ Թել-Հայ բնակավայրերի շրջանում:
Իսրայելի զինվորականները 2024 թվականի նոյեմբերի 26-ից ի վեր առաջին անգամ են հայտնել Բեյրութի արվարձանին հարվածելու մասին։