Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը այսօր տարածել է դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությունը մարտի 25-26-ը Սյունիքի մարզ կատարած այցի վերաբերյալ։
Ավելի վաղ դեսպանատունը հայտարարել էր, որ այցի ընթացքում դեսպան Քվինը ընդգծել էր ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։
«Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման կարևորությունը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ։
Դիվանագետը նաեւ նշել է, որ այցելել է Արարատի մարզում գտնվող ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ընկերություն, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է, եւ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի մաս կազմող Տաթևի ՀԷԿ։
Դեսպանի խոսքերով՝ նշյալ ընկերությունները, «լինելով խոշոր ամերիկյան ներդրումներ Հայաստանում, ամերիկյան նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով իրենց նպաստն են բերում Հայաստանի տնտեսական բազմազանեցման, էներգետիկ անվտանգության և արդյունաբերական աճի հարցերում»։