ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու մասին: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Գերատեսչությունում նշել են, որ USAID-ի վերակազմակերպումը կավարտվի մինչեւ հուլիսի 1-ը: Գործակալության որոշ գործառույթներ իր վրա կվերցնի Պետդեպարտամենտը:
«Ճիշտ կերպով տրամադրված արտասահմանյան օգնությունը կարող է առաջ մղել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները եւ ամրապնդել գործընկերությունը կարեւոր դաշնակիցների հետ: Ցավոք, USAID-ը վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից: Արդյունքում, ձեռքբերումները չափազանց փոքր են եղել, իսկ ծախսերը՝ չափազանց մեծ»,- հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Reuters-ի տեղեկություններով՝ Պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE) USAID-ի աշխատակիցներին հայտնել է, որ օրենքով չնախատեսված բոլոր պաշտոնները կկրճատվեն: Շուտով գործակալության բոլոր աշխատակիցները կստանան նամակներ, որոնցում նրանց կառաջարկվի ազատվել աշխատանքից կա՛մ հուլիսի 1-ին, կա՛մ սեպտեմբերի 2-ին:
DOGE-ի հայտարարության մեջ ասվում է, որ Պետդեպարտամենտը հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իր վրա կվերցնի USAID-ի մնացած «կենսական եւ ռազմավարական օգնության ծրագրերը»: Միեւնույն ժամանակ, USAID-ի անձնակազմը ինքնաբերաբար չի տեղափոխվի Պետդեպարտամենտ, որը պատրաստվում է անցկացնելու «առանձին եւ անկախ հավաքագրման գործընթաց»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը՝ հունվարի 20-ին, 90 օրով սառեցրեց այլ երկրներին USAID-ի տրամադրվող օգնությունը՝ հայտարարելով, որ դրա նպատակը ստուգելն է, թե որքանով են գործակալության ծրագրերը համապատասխանում «ամերիկյան արժեքներին» եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին: Կատարված ստուգումներից հետո Վաշինգտոնը չեղարկել է USAID-ի ծրագրերի 83%-ը: