ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշայի հետ ուրբաթ ժամանել է Գրենլանդիա:
Ամերիկյան «Պիտուֆֆիկ» ռազմաբազայում նրանք ճաշել են ամերիկացի զինծառայողների հետ, որից հետո Վենսը ելույթ է ունեցել, որում ընդգծել է Արկտիկական տարածաշրջանում Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի անվտանգության համար:
Վենսը հայտարարել է, որ Դանիան ի վիճակի չէ ապահովելու Արկտիկայի անվտանգությունը այնպես, ինչպես դա կարող է անել Միացյալ Նահանգները, եւ որ Կոպենհագենը բավարար ներդրումներ չի կատարում կղզու բնակիչների բարեկեցության համար: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը ուրախ կլիներ Գրենլանդիան վերցնել իր վերահսկողության տակ:
Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պլանավորում է դրա համար ռազմական ուժ կիրառել, փոխնախագահը պատասխանել է, որ հույս ունի, որ դա անելու կարիք չի լինի: Նա ենթադրել է, որ Գրենլանդիան անկախություն կստանա Դանիայից, որի ինքնավար տարածքն է այժմ, իսկ դրանից հետո կարելի կլինի սկսել բանակցություններ ԱՄՆ-ին կղզու կամավոր միացման շուրջ, քանի որ դա համապատասխանում է ինչպես ամերիկացի ժողովրդի, այնպես էլ տեղի բնակիչների շահերին:
Վենսը նշել է, որ Գրենլանդիան անպաշտպան կարող է մնալ Չինաստանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանում իրենց շահերն ունեցող այլ երկրների սպառնալիքների դիմաց:
«Մենք գիտենք, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում Արկտիկայի միջանցքների, ծովային ուղիների եւ հանքային ռեսուրսների նկատմամբ: Մեզ անհրաժեշտ է ապահովել Ամերիկայի առաջնորդությունը Արկտիկայում: Մենք չենք կարող գլուխներս ավազի մեջ թաղել կամ, այս դեպքում, ձյան մեջ, եւ ձեւացնել, թե չինացիները հետաքրքրված չեն այս տարածքով»,- ասել է փոխնախագահը:
Այցի ընթացքում Վենսը չի հանդիպել Գրենլանդիայի կառավարության ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ եւս մեկ անգամ հաստատել էր Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերցնելու իր մտադրությունների մասին: «Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային եւ միջազգային անվտանգության համար»,- ասել էր նա Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Մարտի 28-ին Գրենլանդիայում վարչապետի պաշտոնը ստանձնել էր Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը: Նուուկում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նա կոչ է արել կղզու բնակիչներին համախմբվել՝ արտաքին ճնշումներին դիմակայելու համար: Նիլսենը Գրենլանդիայի անկախության կողմնակից է եւ բազմիցս հայտարարել է, որ կղզին ունի բավարար ռեսուրսներ՝ իր տնտեսությունը ինքնուրույն զարգացնելու համար: