ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կկանգնի աննախադեպ ռմբակոծությունների առջեւ, եթե Թեհրանը չհամաձայնի գնալ գործարքի իր միջուկային ծրագրի շուրջ:
«Եթե նրանք [Թեհրանը] գործարք չկնքեն […], ապա կսկսվեն ռմբակոծություններ, որոնց նմանը նրանք երբեք չեն տեսել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը, որի խոսքերը մեջբերում է NBC News հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել էր, որ Իրանի իշխանությունները Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել են իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ ուղիղ բանակցությունները, սակայն հայտարարել են, որ պատրաստ են շարունակելու երկխոսությունը այդ հարցի շուրջ միջնորդների միջոցով:
Փետրվարի 23-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է հնարավոր բոլոր գործողությունների տարբերակները, որոնք ուղղված են Իրանի միջուկային զարգացումների դեմ:
Ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումը կարելի է կանգնեցնել կա՛մ «ռումբերի օգնությամբ», կա՛մ համաձայնագիր կնքելու միջոցով: Նա ավելացրել էր, որ կցանկանար գործարք կնքել Իսլամական Հանրապետության հետ՝ առանց ռմբակոծության դիմելու: