Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը քննարկումներ են սկսել հազվագյուտ հողային մետաղներին վերաբերող նախագծերի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար, նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը «Известия»-ին տված հարցազրույցում։
«Հազվագյուտ հողային մետաղները համագործակցության կարեւոր ոլորտ են, եւ, անկասկած, մենք սկսել ենք քննարկումներ տարբեր հազվագյուտ հողային մետաղների եւ Ռուսաստանում նախագծերի մասին»,- ասել է Դմիտրիեւը։
Այլ մանրամասներ չեն նշվում: Թե որ փուլում են քննարկումները, եւ ովքեր են բանակցությունները վարողները, չեն հստակեցվում:
Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հանդիպում էր անցկացրել՝ նվիրված հազվագյուտ հողային մետաղների արդյունաբերության զարգացմանը, որին մասնակցել էին կառավարության փոխնախագահը, արդյունաբերության եւ բնական պաշարների նախարարները, ինչպես նաեւ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը: Ավելի ուշ՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, Պուտինը հայտարարել է. «Մենք պատրաստ կլինեինք [համագործակցության] առաջարկներ անելու ամերիկյան գործընկերներին»:
«Մենք, անկասկած, տասնապատիկ, ուզում եմ դա ընդգծել, տասնապատիկ ավելի շատ նման ռեսուրսներ ունենք, քան Ուկրաինան: Ռուսաստանը հազվագյուտ եւ հազվագյուտ հողային մետաղների պաշարներով անվիճելի առաջատարներից մեկն է»,- ասել է Պուտինը:
Ավելի ուշ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ խոսքը վերաբերում էր ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային մետաղների ոլորտում համագործակցության «հնարավոր հեռանկարին»:
«Հսկայական հնարավորություններ կան համագործակցության համար ամենատարբեր ոլորտներում, Ռուսաստանի Դաշնության ընդարձակ տարածքներում՝ ներառյալ նոր շրջանները»,- ասել է Պեսկովը:
Հազվագյուտ հողային մետաղների հասանելիության գործարքի շուրջ քննարկումներ այժմ ընթանում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ: Այդ գաղափարը Զելենսկին առաջարկել էր դեռեւս իր «Հաղթանակի ծրագրում»:
Ավելի ուշ՝ ամերիկյան կողմի հետ քննարկումների արդյունքում նա պետք է ստորագրեր համաձայնագիրը։ Սակայն փետրվարի 28-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վեճից հետո ստորագրումը չեղարկվել էր: Ներկայում կողմերը քննարկում են գործարքի նոր նախագիծ, որը ներառում է նաեւ նավթի եւ գազի հանքերի հասանելիություն արդեն ամբողջ երկրի տարածքում: