Հայաստանի օրենսդրությունում, այդ թվում՝ Սահմանադրությունում եւ մի շարք օրենսդրական ակտերում, Ադրբեջանի նկատմամբ պահպանվող տարածքային հավակնությունները շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտները, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրության մեջ նշվում է, որ «հակամարտությունից հետո ստեղծվել են պատմական հնարավորություններ՝ վերջնականապես փակելու տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը եւ հաստատելու կայուն խաղաղություն»:
«Ադրբեջանը շարունակում է ջանքերը, այդ թվում՝ միջազգային մակարդակով, ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մեղավորներին օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելու համար: Միեւնույն ժամանակ, Բաքուն վճռականորեն եւ անզիջում պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններից»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Միեւնույն ժամանակ Բաքվից ադեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայնագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։
Օրեր առաջ էլ՝ մարտի 27-ին, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբեկովն էր հայտարարել, թե Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի հնարավորությունը Երեւանի համար հավերժ չի լինելու, եւ «այն բաց թողնելը սխալ կլինի»։