Հայաստանը տեղեկացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը, որ չի ստորագրի կառույցի ֆինանսավորումը նախատեսող փաստաթուղթը: Այդ մասին «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։
«Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ-ի քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշման ստորագրումից եւ դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- նշել են արտգործնախարարությունից։
Լրատվականի հաղորդմամբ՝ գերատեսչությունից նաեւ տեղեկացրել են, որ ՀԱՊԿ ներքին ընթացակարգերի համաձայն` կազմակերպության ամենամյա բյուջեի վերաբերյալ տեղեկությունը հրապարակված չէ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչեւ 2025 թվականի վերջը չվճարի իր անդամավճարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջե, ապա անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ օկուպացրեց որոշ շրջաններ։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիք է ստեղծում։