Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից երկրի վրա արտաքին հարձակման հնարավորությանը, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իսլամական Հանրապետության ներսում, ապա կոշտ պատասխան կստանա:
«Նրանք սպառնում են ինչ-որ վատ բան անելով, բայց մենք չենք կարծում, նույնիսկ քիչ հավանական է, որ նրանք չարիք գործեն դրսից: Բայց եթե նրանք դա անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ նրանք մտածեն երկրի ներսում ապստամբություն հրահրելու մասին, ապա իրանցի ժողովուրդն ինքը կպատասխանի նրանց»,- ասել է Խամենեին Ռամադանի ավարտի տոնի (Իդ ալ-Ֆիտր, Ուրազա-Բայրամ) առթիվ կայացած քարոզի ժամանակ: Ուղիղ հեռարձակումը վարում էր IRIB հեռուստաալիքը:
Մարտի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթից պատրաստվում է Իրանի նկատմամբ երկրորդական պատժամիջոցներ սահմանել, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցվի: Նա նաեւ սպառնացել է, որ գործարքի կնքումից լիակատար հրաժարվելու դեպքում Իսլամական Հանրապետությանը սպասում են աննախադեպ ռմբակոծություններ:
Մարտի 7-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Խամենեին նամակ է ուղարկել՝ առաջարկելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Մարտի 27-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատասխանը ուղարկվել է Օմանի միջոցով:
Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքերով՝ պատասխան նամակում Թեհրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները, սակայն հայտարարել է միջնորդների միջոցով երկխոսությունը շարունակելու հնարավորության պահպանման մասին: