Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ Եվրոպական միության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են «Ռուսաստանի վրա հետագա ճնշում գործադրելու», այդ թվում՝ նոր պատժամիջոցներ ներդնելու պատրաստակամության մասին։ Հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում՝ Մադրիդում կայացած նախարարների հանդիպման արդյունքներով:
Հայտարարության մեջ նշվում է «Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անսասան աջակցության», ինչպես նաեւ «արդար եւ կայուն խաղաղության» մասին, որը հիմնված պետք է լինի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների եւ միջազգային իրավունքի վրա: ԵՄ վեց երկրների ներկայացուցիչները նշել են, որ Ուկրաինան ցույց է տվել խաղաղության հանդեպ իր հանձնառությունը՝ համաձայնելով կրակի լիակատար դադարեցմանը առանց նախնական պայմանների, սակայն «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ չի դադարել»: Հայտարարության հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ «լուրջ է տրամադրված պատերազմը դադարեցնելու հարցում», այլ ոչ թե «նոր պայմաններ պարտադրի եւ շարունակի հարձակումները ուկրաինական քաղաքների եւ ենթակառուցվածքների վրա»:
ԵՄ վեց երկրները նաեւ հայտարարել են, որ պատրաստ են շարունակելու «ամրապնդել Ուկրաինան կարճաժամկետ եւ երկարաժամկետ զգալի ռազմական աջակցության միջոցով»:
«Մենք նաեւ պատրաստ ենք հետագա ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ օգտագործելով բոլոր հասանելի գործիքները՝ ներառյալ նոր պատժամիջոցների ընդունումը, որպեսզի խոչընդոտենք նրան ագրեսիվ պատերազմ վարելու հարցում եւ ապահովենք Ուկրաինայի համար հնարավոր լավագույն դիրքերը՝ արդար եւ կայուն խաղաղություն հաստատելու համար: […] Խաղաղությունը պետք է լինի արդար, եւ Ռուսաստանի ագրեսիան չպետք է ավարտվի ագրեսորի համար պարգեւով»,- ասված է հայտարարության մեջ:
Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը եւ Մեծ Բրիտանիան նաեւ հայտարարել են, որ չեն ընդունի որեւէ համաձայնություն, «որը սահմանափակում է Ուկրաինայի ռազմական եւ պաշտպանական արդյունաբերությունը կամ գործընկեր երկրների ռազմական ներկայությունը Ուկրաինայում»:
Ըստ EUobserver-ի տեղեկությունների՝ Բրյուսելում սկսել են աշխատել Ռուսաստանի նկատմամբ 17-րդ պատժամիջոցների փաթեթի վրա, սակայն այն գտնվում է «վաղ փուլում»: Եվրոպացի դիվանագետներից մեկը պարբերականին հայտնել է, որ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկները սպասվում են ամռան սկզբին: Մեկ այլ դիվանագետ էլ հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշելուց։ «Մենք պետք է հետեւենք, թե ինչպես կզարգանան [խաղաղության] բանակցությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»,- ավելացրել է նա:
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստուգում է, թե որքան հեռուն կարող է գնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ եվրոպական, սահմանված պատժամիջոցների թուլացման հարցում: Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Կրեմլի «մտածված ռազմավարության» մաս է կազմում Ռոսսելխոզբանկը SWIFT միջազգային բանկային համակարգին միացնելու պահանջը, որը վերահսկվում է Եվրամիության կողմից: Ռուսաստանը նման պայման է առաջ քաշել Սեւ ծովում հրադադարի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում: