Բաքվում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը մարտի 31-ին կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատճառը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի Instagram-ի պաշտոնական էջում Արցախի դրոշի լուսանկարի հրապարակումն է։ Հաղորդվում է, որ Բաքուն նկարը որակել է «ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ» եւ Բեռլինից պահանջել հրապարակային ներողություն։
Ավելի ուշ հրապարակվեց նաեւ Գերմանիայի նախագահի վարչակազմի ղեկավար Դյորտ Դինգերի նամակը՝ ուղղված Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին։ Դրանում գերմանական կողմը նշել է, որ լուսանկարի հրապարակումը եղել է սխալի հետեւանք եւ անմիջապես հեռացվել է նախագահի էջից։ Նամակում պետական քարտուղարը նաեւ ներողություն է խնդրել կատարված միջադեպի համար եւ թույլատրել, որ դրա բովանդակությունը հրապարակվի զանգվածային լրատվության միջոցներով։
Հիշեցնենք՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը Հայաստան էր այցելել մարտի 30-ին։ Նա նախօրեին հանդիպել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ապա նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սպասվում է, որ ապրիլի 2-ին նա կուղեւորվի Բաքու։