ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր կկնքի Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ, եւ Վաշինգտոնը ստիպված չի լինի երկրորդային մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի դեմ: Այդ մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Ես ուզում եմ, որ նա կնքի գործարք, որպեսզի դադարեն ռուս զինվորների, ուկրաինացի զինվորների եւ այլ մարդկանց սպանությունները։ Ես ուզում եմ համոզվել, որ նա [Պուտինը] կհասցնի գործը մինչեւ վերջ: Կարծում եմ՝ նա կանի դա: Ես չեմ ուզում երկրորդային մաքսատուրքեր սահմանել նրա նավթի վրա, բայց կարծում եմ, որ դա այն է, ինչ ես կարող էի անել, եթե համարեի, որ նա չի կատարում իր աշխատանքը… Կարծում եմ՝ նա կկատարի այն, ինչ ինձ ասել է, եւ կարծում եմ՝ նա կկատարի գործարքի իր մասը»,— ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա լուրջ է տրամադրված ռուսական նավթի վրա մաքսատուրքեր սահմանելու հարցում:
Դոնալդ Թրամփը մարտի 30-ին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «շատ էր զայրացել», երբ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինայում ժամանակավոր կառավարում սահմանել: Այդ ժամանակ Թրամփը նաեւ հայտնել էր, որ պատրաստ է 25% չափով երկրորդային մաքսատուրքեր սահմանելու ռուսական նավթի արտահանման վրա, եթե Ռուսաստանի մեղքով Ուկրաինայում հրադադարի համաձայնագիր չկնքվի: Հետագայում լրագրողների հետ զրույցի ընթացքում Թրամփն ասել էր, որ Պուտինի հետ «պետք է պայմանավորվել, անկախ նրանից՝ նա Ձեզ դուր է գալիս, թե ոչ»: Կրեմլում, մեկնաբանելով NBC News-ի հաղորդագրությունը Թրամփի դժգոհության մասին, հայտարարել են, որ Ռուսաստանը «շարունակում է աշխատանքը ամերիկյան կողմի հետ»: