Իսրայելն առաջարկում է Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադար սահմանել՝ փոխարենը պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառվածների կեսին: Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյաներին, որոնք նախընտրել են անանուն մնալ: Միաժամանակ Իսրայելի բանակը Գազայի բնակչության տարհանման վերաբերյալ նոր կարգադրություններ է հրապարակել եւ հայտարարել հատվածի հարավում սպասվող «ինտենսիվ գործողությունների» մասին:
Reuters-ի աղբյուրների տվյալներով, Իսրայելի առաջարկների համաձայն, 40-50 օր տեւողությամբ հրադադարի ընթացքում պետք է ազատ արձակվեն ողջ մնացած 24 պատանդների կեսը, որոնց մասին տեղեկություններ ունի Իսրայելը, ինչպես նաեւ փոխանցվեն 35 զոհվածների մարմինները:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Իսրայելը կուժեղացնի ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա, բայց մտադիր է շարունակելու բանակցությունները պատանդների ազատման շուրջ: Նրա խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին կթույլատրվի լքել Գազան ավելի լայն կարգավորման շրջանակում, որը ներառելու է Գազայից պաղեստինցիների «կամավոր արտագաղթի» վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները: Նեթանյահուն նաեւ կրկնել է ՀԱՄԱՍ-ին զինաթափելու Իսրայելի պահանջը: Սակայն պաղեստինյան շարժումը մերժել է այդ պահանջը՝ այն անվանելով «կարմիր գիծ», որը նա չի հատի:
ՀԱՄԱՍ-ը նախորդ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ ընդունել է Կատարի եւ Եգիպտոսի միջնորդների առաջարկները, որոնք նախատեսում են յուրաքանչյուր շաբաթ հինգ պատանդի ազատում հրադադարի պահպանման դիմաց:
Իսրայելի զինված ուժերը, որոնք արգելափակել էին Գազա հումանիտար օգնության մատակարարումը, երկամսյա հրադադարից հետո՝ մարտի 18-ին, վերսկսել են մարտական գործողությունները: Այդ ընթացքում ազատ էին արձակվել 33 իսրայելցի պատանդ եւ Թաիլանդի հինգ քաղաքացի: Իսրայելը իր բանտերից ազատ էր արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների եւ ձերբակալվածների: Հունվարին ԱՄՆ-ի աջակցությամբ ստորագրված հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլն իրականացնելու փորձերը հայտնվել են փակուղում:
Կողմերի միջեւ պատերազմից հետո Գազայի ապագայի վերաբերյալ տարաձայնությունները մնում են չլուծված: Իսրայելը պահանջում է ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ վարչական կառույցների լիակատար վերացում եւ բացառում խմբավորման մասնակցությունը Գազայի ապագա կառավարմանը: Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է զիջելու տեղը մեկ այլ պաղեստինյան կառավարության, սակայն հրաժարվում է զինաթափվելուց եւ պահանջում է իրավունք՝ մասնակցելու Գազայի նոր վարչակազմի ձեւավորմանը: